«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
40-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Ալ-Նասրում» 2023 թվականի սկզբից։ Նրա նախորդ պայմանագիրը լրանում էր հունիսի 30-ին։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Անցած մրցաշրջանի արդյունքներով Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 25 գոլ։
Պորտուգալացին հնգակի Չեմպիոնների լիգայի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի Ազգերի լիգայի հաղթող, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և ակումբային աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն։




























































