Միջազգային մրցումների կազմակերպիչների ասոցիացիայի (Euromeetings) անդամները նամակով դիմել են աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավար (World Athletics) Սեբաստիան Կոուին՝ խնդրելով չեղարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարերը դադարեցնելու որոշումը: Այս մասին հայտնում է Inside the Games-ը։
Կապված կորոնավիրուսի համավարակի ու Տոկիոյի Օլիմպիական խաղերը 2021 թվականին տեղափոխելու հետ՝ World Athletics-ը որոշել էլ վարկանիշային մրցաշարերի անցկացումը դադարեցնել մինչև դեկտեմբերի 1-ը:
Euromeetings-ի անդամները, սակայն, Կոուին կոչ են անում դիտարկել 2020 թվականի աշնանը ևս միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորությունը:
«Մեր հովանավորներին բացատրելով 2020 թվականին մրցաշարերի անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, ցավոք, բաց ենք թողել այնպիսի առանցքային հանգամանք, ինչպիսին օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացման հավանականությունն է: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք վերանայել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը օլիմպիական վարկանիշներ ստանալու անհնարինության վերաբերյալ որոշումը:
Եթե իրավիճակը թույլ տա աթլետիկայի մրցաշարեր անցկացնել 2020 թվականի աշնանը, ապա մենք կցանկանանք մարզիկներին օլիմպիական վարկանիշներ նվաճելու հնարավորություն առաջարկել»,- ասվում է նամակում:
Սահմանափակման արդյունքում որպես որակավորում չեն դիտարկվելու միջազգային այնպիսի մրցաշարերի արդյունքները, ինչպիսիք են Եվրոպայի առաջնությունը, Ադամանդե լիգան, ազգային առաջնությունները և այլն:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանում, որն ավելի ուշ տարածվել է աշխարհի մի շարք երկներում ու առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել որպես համավարակ:
Վերջին տվյալների համաձայն աշխարհում արդեն մոտ 2.2 մլն մարդ է վարակվել: