Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է նվազագույնը 2 հնչեղ գործարք իրականացնել: «Սերուցքայինների» գլխավոր նպատակները «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն են: Այս մասին հայտնում է Sports Mole-ը:
Պոգբայի տրանսֆերային արժեքը 80 մլն եվրո է գնահատվում: 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ընդ որում «կարմիր սատանաները» կարող են ակտիվացնել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը:
Հոլանդն այս ձմռանն է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ: Նրա պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 19-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը 72 մլն եվրո է գնահատվում:
«Ռեալը», 27 խաղից հետո վաստակելով 56 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: