«Բարսելոնան» որոշում է կայացրել 2025 թվականի ամռան առաջին տրանսֆերային նպատակի հարցում: Այս մասին հայտնել է իսպանական Relevo հրատարակության լրագրող Ալեքս Պինտանելը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները նոր դարպասապահի անհրաժեշտություն են տեսնում և նախ կփորձեն պայմանագիր կնքել «Պորտուի» պորտուգալացի դարպասապահ Դիոգու Կոշտայի հետ, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հիացած է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Կոշտային կատալոնական թիմում տեսնելու հնարավորությամբ։ Բացի այդ, խաղացողի գործակալը հայտնի պորտուգալացի մենեջեր Ժորժե Մենդեշն է, ում հետ Դեկուն ակտիվորեն կապ է պահպանում։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) Տեր Շտեգենը աջ ծնկատակի ջլի պատռվածք էր ստացել ու դուրս մնացել շարքից մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս պահին կատալոնական թիմում նրա փոխարինում է Ինյակի Պենյան։ «Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել նաև լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։
25-ամյա Դիոգու Կոշտան «Պորտուի» սան է։ Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գնդակ և յոթ հանդիպումներում անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 45 մլն եվրո։