Սան Իսիդրոյի դատարանը հետաձգել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով նիստը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Անփութության հետևանքով սպանության մեղադրանքով դատարանի առաջ կանգնած ութ առողջապահական աշխատակիցների գործով դատավարությունը հետաձգվել է հինգշաբթի, դատարանի կողմից կայացրած որոշմամբ։
Նշվում է, որ դատական գործընթացի հետաձգումն ընդունվել է ութ մեղադրյալներից երեքի խնդրանքով։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ դատավարությունը կսկսվի գալիք տարվա մարտի 11-ին։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ դատական գործի մեկնարկը հետաձգվում է։ Սկզբնական ամսաթիվը մայիսի 4-ն էր, սակայն այն ավելի ուշ տեղափոխվեց հոկտեմբերի 1։
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։