Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, իր նորամուտը կնշի ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում։
Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ալ-Ահլին» պայքարը կսկսի այս մրցաշարում՝ նպատակ ունենալով նվաճել վճռորոշ խաղի ուղեգիր և մրցել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ։
Սպերցյանի թիմի առաջին արգելքը նորզելանդական «Օքլենդն» է՝ ոչ միայն Օվկիանիայի, այլև ավստրալիական Ա-Լիգայի գործող չեմպիոնը:
Այս փուլը հաղթահարելու դեպքում «Ալ-Ահլիի» հաջորդ մրցակիցը կլինի Աֆրիկայի չեմպիոնը՝ հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզը»։ Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։ Հաջողության հասնելու պարագայում Սպերցյանի թիմին ավելի լուրջ փորձություն է սպասվում. դիմակայություն Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ներկայացուցիչների միջև զույգի հաղթողի դեմ (Հյուսիսային Ամերիկան կներկայացնի մեքսիկական «Տոլուկան», իսկ Լիբերտադորեսի գավաթակիրը դեռ հայտնի չէ):
Մրցաշարի եզրափակիչում արդեն իր տեղն ապահովել է ՊՍԺ-ն: Եթե «Ալ-Ահլին» հասնի եզրափակիչ, ապա հայ ֆուտբոլիստը հնարավորություն կունենա մրցելու իր նախկին ակումբակից Մատվեյ Սաֆոնովի դեմ: Եզրափակիչ հանդիպման հստակ ամսաթիվն առայժմ հայտնի չէ:
«Ալ-Ահլի» – «Օքլենդ» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22։00-ին։
Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթը ամենամյա միջազգային ակումբային մրցաշար է, որտեղ վեց աշխարհամասերի գործող չեմպիոնները պայքարում են գլխավոր տիտղոսի համար։ Մրցաշարի ձևաչափի համաձայն՝ եվրոպական գլխավոր ակումբը (ՉԼ գործող գավաթակիրը) միանգամից ստանում է եզրափակիչի ուղեգիր, մինչդեռ մյուս կոնֆեդերացիաների հաղթողները փուլ առ փուլ պայքարում են այնտեղ հասնելու համար։




























































