Լեհ հարձակվող Կարոլ Սվիդերսկին իր ազգային հավաքականի՝ Թուրքիայի հետ ընկերական խաղում գոլ խփելուց գրեթե անմիջապես հետո լքել է խաղադաշտը։ Ֆուտբոլիստն անհաջող է տոնել խփած գոլը և վեց րոպե անց փոխարինվել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով։
Հանդիպումն ավարտվել է լեհերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Ընդ որում, Սվիդերսկին Լեհաստանի հավաքականի երկրորդ հարձակվողն է, որն այս խաղում փոխարինվում է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նույնպես վնասվածքի պատճառով վաղաժամ ավարտել էր հանդիպումը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում և կտևի ուղիղ մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի նոր առաջնությունը կբացվի A խմբում Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների դիմակայությամբ։ Խաղը կկայանա հունիսի 14-ին։ Մրցաշարի խմբային փուլում Լեհաստանի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի հետ: