Երեկ՝ մայիսի 29-ին, Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Օլիմպիակոսը» լրացուցիչ ժամանակում հաղթել է «Ֆիորենտինային»: «OPAP Arena» մարզադաշտում (Հունաստան) կայացած խաղն ավարտվել է 1:0 հաշվով։
Այսպիսով, «Օլիմպիակոսը» 22 տարվա մեջ դարձել է առաջին ակումբը, որը նվաճել է եվրագավաթը հարազատ երկրում: Նման վերջին թիմը եղել է «Ֆեյենորդը», որը 2002 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում Նիդեռլանդներում 3:2 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»:
Տիտղոսի ճանապարհին «Օլիմպիակոսը» հաղթել է «Ֆերենցվարոսին» (2:0), «Մաքքաբիին» (7:5), «Ֆեներբահչեին» (3:3, 11 մ.՝ 3:2) և «Աստոն Վիլային» (6:2):
«Օլիմպիակոսը» Հունաստանի 47-ակի չեմպիոնն է։ Ակումբը նաև 28 անգամ հաղթել է Հունաստանի գավաթը և չորս անգամ՝ Հունաստանի Սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում «Օլիմպիակոսը» 74 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը Հունաստանի Սուպերլիգայում։ Չեմպիոն դարձավ ՊԱՕԿ-ը (80 միավոր):