Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես համալրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմը։ Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը։
Արգենտինայի ազգային հավաքականի կազմում 2022 թվականի աշխարհի չեմպիոնը մանչեսթերյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նշվում է, որ Ֆերնանդեսն արդեն բուժզննում է անցել և պաշտոնապես ներկայացվել ակումբի գրասենյակում։
«Բարի գալուստ «Մանչեսթեր Սիթի», Էնցո»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ արգենտինացու տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» համար արժեցել է 145 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ։
Նշվում է, որ տրանսֆերային այս գումարը կրկնում է բրիտանական ֆուտբոլի գործող ռեկորդը․ նախորդ ամռանը ճիշտ այդքան էր վճարել «Լիվերպուլը» «Նյուքասլին»՝ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերի դիմաց։
Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսը «Չելսիի» գույները պաշտպանում էր 2023 թվականի հունվարից։ Այդ ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում հասցրել է մասնակցել 170 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 100 միլիոն եվրո։
























































