Իսպանական հեղինակավոր AS պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշից» իսպանական «Սեուտա» տեղափոխությանը։ Մեր ընտրանու ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես գրում է աղբյուրը, «Սեուտան» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին հաջողությամբ լուծել է հարձակման գծի համալրման հարցը՝ թիմ հրավիրելով միջազգային մեծ փորձ ունեցող Սևիկյանին և «Էլչեի» երիտասարդ հարձակվող Ումարու Կոնարեին։
«Սևիկյանի տեղափոխությունը հատկանշական է նրա անցած բազմազան ճանապարհի շնորհիվ․ նա հասցրել է խաղալ մի քանի երկրներում և երկու հավաքականներում»,- նշում է AS-ը՝ հիշեցնելով ֆուտբոլիստի անցած ուղին։
Ծնվելով Մոսկվայում՝ Էդգարն իր պատանեկան տարիների մեծ մասն անցկացրել է իսպանական «Լևանտեի» ակադեմիայում, որտեղ նաև իր նորամուտն է նշել գլխավոր թիմում։ Դրանից հետո նա կարիերան շարունակել է Ռուսաստանում, ապա տեղափոխվել հունգարական գրանդ՝ «Ֆերենցվարոշ», որի կազմում եվրագավաթային հարուստ փորձ է ձեռք բերել։
Պարբերականը հատուկ ընդգծում է նաև Սևիկյանի միջազգային կարիերան․ Ռուսաստանի տարիքային հավաքականներում հանդես գալուց հետո նա վերջնական ընտրություն կատարեց հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի։
Խոսելով խաղային որակների մասին՝ իսպանացի լրագրողները նշում են, որ «Սեուտայի» գլխավոր մարզիչ Խոսե Խուան Ռոմերոն հարձակման եզրափակիչ հատվածի համար հիանալի այլընտրանք է ստացել.
«Սևիկյանը կարող է գործել երկու եզրերում՝ հատկապես աջից, ինչպես նաև հիանալի տեղաշարժվել կենտրոնում։ Նա աչքի է ընկնում միջին և հեռահար տարածություններից կատարած հարվածներով, թիմակիցների հետ արագ համագործակցելու և վճռորոշ, վերջին փոխանցումը գտնելու կարողությամբ»։
Անդրադառնալով մյուս տրանսֆերներին՝ աղբյուրը հավելում է, որ Սևիկյանից (ով դարձավ թիմի ամառային 11-րդ նորեկը) և Կոնարեից բացի, ակումբը ձեռք է բերել նաև կենտրոնական կիսապաշտպան Խոակին Գոնսալեսին («Կադիսից»)՝ ամբողջությամբ բավարարելով մարզչական շտաբի պահանջները եզրերում, հարձակման գծում և դաշտի կենտրոնում։ Թիմն այժմ լիովին համալրված է մրցաշրջանի մարտահրավերներին ընդառաջ։



























































