«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անհրաժեշտ է համարում «Նապոլիի» 23-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է արաբ ինսայդեր Ջամելը։
Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեն կարծում է, որ Կիլիան Մբապեի հեռանալուց հետո ակումբում կպակասեն արագ և ուժեղ հարձակվողներ, որոնք կարող են մենապայքարներում հաղթել աշխարհի ուժեղագույն պաշտպաններին։ Իսպանացի մասնագետը կարծում է, որ Խվիչան հիանալի կտեղավորվի իր խաղային սխեմայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո առաջարկել եզրային կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի համար։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։