25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ֆրանսիայի հավաքականի կազմում, հայտնում է El Partidazo de COPE-ը` հղում կատարելով «Ռեալի» աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Մբապեի մասնակցության հարցն օրակարգում չէ, և 2024 թվականի օգոստոսին հարձակվողը կմիանա մինչմրցաշրջանային հավաքին՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Փարիզում բանակցություններ են վարել Մբապեի՝ Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության վերաբերյալ:
2024 թվականի ամռանը Կիլիան Մբապեն պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կհեռանա ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս այս մրցաշրջանում և, ըստ լրատվամիջոցների, ազատ խաղացողի կարգավիճակով կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։