ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 250 հոգու համար հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնում՝ ակումբից հեռանալու կապակցությամբ։
Հրավիրված անձանց թվում է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
2024 թվականի ամռանը լրանում է 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, ոոր Մբապեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Իր հերթին, մադրիդցների նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին հայտնել էր, որ Մբապեն կդառնա «Ռեալի» նոր խաղացողը։
Մբապեն հինգ տարվա պայմանագիր կկնքի մադրիդյան թիմի հետ։ Հարձակվողը «Ռեալում» տարեկան կստանա 15 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան նրան վճարում էին ՊՍԺ-ում: Այս դեպքում խաղացողն իրավունք ունի 150 միլիոն եվրոյի չափով բոնուս ստանալ: Նախատեսվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսին:
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։