Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղում (2:1) տեղի ունեցած մրցավարական սկանդալի մասին։
«Մենք վատ աշխատեցինք այդ դրվագում: Պետք էր թույլ տալ, որ խաղը շարունակվի. Ես դա հիմնականում դիտարկում եմ որպես եզրային մրցավարի սխալ: Երբ նա բարձրացրեց դրոշակը, մրցավարը վստահեց նրան՝ մտածելով, որ հավանաբար երեք մետրանոց խաղից դուրս է:
«Բավարիայի» զայրույթն ինչ-որ չափով արդարացված է, քանի որ պարզապես պետք էր այդ դրվագում թույլ տալ խաղալ մինչև վերջ:
Չեմ կարող ասել, թե արդյոք բոլորը դուրս էին մնացել դրվագից, քանի որ սուլիչը շատ շուտ հնչեց: Կարելի է ասել, որ լարվածությունն ընկել էր բոլորի վրա, ովքեր պաշտպանում էին դարպասը»,- Կրոսի խոսքերն է մեջբերում
Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում Ջոշուա Կիմմիխի երկար փոխանցումից հետո «Բավարիայի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը գրավել էր մադրիդյան ակումբի դարպասը: Սակայն մրցավար Շիմոն Մարչինյակը, չսպասելով դրվագի ավարտին, սուլել էր՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Այսպիսով, գերմանացիների գոլը չէր հաշվվել։
























































