ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ կոնֆլիկտ է ունեցել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ կոնֆլիկտի պատճառը եղել է Ալ-Խելաիֆիի այն հարցը, թե ինչու ֆուտբոլիստն իր հրաժեշտի տեսանյութում հատուկ չի նշել իրեն։ Զրուցելու համար ֆրանսիացին և Ալ-Խելաիֆին մտել են առանձին սենյակ, որտեղից լսվել են բարձր ձայներ, հայտնում է աղբյուրը։
Իր հերթին L’Équipe-ը ևս հայտնում է, որ Մբապեի ու Ալ-Խելաիֆիի միջև թեժ խոսակցություն է տեղի ունեցել։ Աղբյուրը նշում է, որ «խոսակցությունը բարձրաձայն էր և ոչ ամենահաճելին»։ Նշվում է, որ կողմերը քննարկել են հարձակվողի՝ Մադրիդի «Ռեալ» հեռանալու ֆինանսական հարցը։
«Թուլուզի» հետ հանդիպումը կայացել է երեկ՝ մայիսի 12-ին, ավարտվել է ՊՍԺ-ի պարտությամբ 1-3 հաշվով։ Միակ գոլը փարիզյան թիմի կազմում խփեց հենց Մբապեն։
Ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարել է ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին։ 25-ամյա խաղացողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Հարձակվողը չի նշել Ալ-Խելաիֆիի անունը սոցիալական ցանցերում հրապարակած հրաժեշտի տեսաուղերձում, որտեղ շնորհակալություն է հայտնել մարզիչներին, ակումբի անձնակազմին և երկրպագուներին։