Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը լուսանկար է հրապարակել Դոհայից, որտեղ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը, հաղթող ճանաչվելով աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
«Օլիմպիական ուղեգիրը նվաճված է. երկարատև և ծանր աշխատանքի արդյունք։ Փառք ու պատիվ քեզ, եղբա’յրս»,- գրել է Գագիկ Վանոյանը՝ Դավթյանի հետ լուսանկարին կից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14,833 միավոր և գրավել առաջին տեղը:
Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն է: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել էր նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: