Չնայած ՊՍԺ-ի հետաքրքրությանը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենի նկատմամբ, ֆրանսիական գրանդը չի ցանկանում նեապոլիտանական ակումբին վճարել 120 միլիոն եվրո՝ որպես նիգերիացի հարձակվողի պայմանագրով նախատեսված հրաժարագին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում կատարելով ll Mattino-ին։
Աղբյուրի համաձայն՝ Օսիմխենին ձեռք բերելու համար պահանջվող գումարը նվազեցնելու համար ՊՍԺ-ն դիտարկում է կիսապաշտպան Կառլոս Սոլերին և եզրային Մարկո Ասենսիոյին գործարքում ներառելու տարբերակը։ Մասնավորապես, ընդգծվում է, որ գործարքի համար նման ձևաչափ է առաջարկել ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիս Կամպոսը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օսիմխենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։