Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ երկիրը մնացել է 2034 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման միակ հավակնորդը։
«Սա հիանալի հնարավորություն կլինի բոլորի համար։ Խոսքը ֆուտբոլային աշխարհի պատմական իրադարձության մասին է՝ գրեթե անհավանական։ Իհարկե, այս տասը տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան ամեն ինչ ֆանտաստիկ կերպով կկազմակերպի աշխարհի առաջնության համար։ Այս երկիրն ունի ռեսուրսներ դա անելու համար»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ որոշել է 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ չներկայացնել։
Մանչինին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է անցած ամառ:
























































