ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղի ժամանակ:
Դորտմունդցիների դարպասն ուղարկած գոլից հետո Նեյմարը ցուցադրաբար մեդիտացիայի դիրք է ընդունել, որով սովորաբար իր գոլերը նշում է գերմանական ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
«Փարիզը մեր քաղաքն է, ոչ թե քոնը»,- գրել է Նեյմարը:
Հիշեցնենք` խաղի եզրափակիչ սուլիչից հետո ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստներն են այս կերպ վարվել: Առաջին խաղում Հոլանդը երկու գոլ էր ուղարկել ֆրանսիական թիմի դարպասը:
Պատասխան խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Դորտմունդում կայացած առաջին խաղում դորտմունդցիները 2:1 հաշվով հաղթանակ էին տարել: Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է ելույթներն այս մրցաշարում: