2023 թվականի Համահայկական ամառային 8-րդ խաղերի ընթացքում տարբեր սպորտաձևերից չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ընդունել և պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Այս մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Մինչ պարգևատրման արարողությունը Վարդգես Սամսոնյանը ողջունել, շնորհավորել և շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, հերթական անգամ կարողացանք ապացուցել, որ Գյումրին սպորտային քաղաք է։ Ձեր գրանցած հաջողությունները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, որ կարողանանք եռապատկել ու քառապատկել մեր մեդալները»։
Նշենք, որ պարգևատրվել է 67 մարզիկ և 28 մարզիչ: Պարգևատրումների համար համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 12 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։