Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճեց Արթուր Դավթյանը, հայտնում է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի թիմը: Մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ վարկանիշային ԱԱ-ին մասնակցեցին Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Սեպտեմբերի 30-ից մեկնարկել էին որակավորման փուլի մրցումները: Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին ու 8-ին։ Հիշեցնենք, որ Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: