Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա Շախմատի կենտրոնական տանը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի շախմատի ֆեդերացիայից:
Մրցաշարին մասնակցելու են 32 շախմատիստներ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:
Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով:
Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով: