Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել գեղարվեստական մարմնամարզիկները. որակավորման փուլում հանդես են եկել Մերի Պողոսյանը, Սիլվա Սարգսյանը և Ջուլիետա Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ նախարարությունից:
Որակավորման փուլը կշարունակվի նաև օգոստոսի 5-ին, իսկ եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին։
Վաղը նախատեսված են նաև ըմբշամարտի, աթլետիկայի և ձյուդոյի մրցումները:
ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենայում»:
Հիշեցնենք՝ 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
ԱՊՀ 2-րդ խաղերը կտևեն մինչև օգոստոսի 14-ը: