Մարմնամարզիկ Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ազատ վարժությունների մրցումներում:
Գյուլումյանը վաստակել է 13,066 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգթափերի և օղակների վարժություններում: Նժույգթափերի վարժությունում եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Մամիկոն Խաչատրյանը:
Ավելի վաղ Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր:
Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը: