«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա «Սիթիի» կազմից: 29-ամյա խաղացողը մոտ է նոր ակումբ գտնելուն, և Բիլբաոյի «Աթլետիկը» հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթիում» անցած մրցաշրջանը հուշում է, որ Լապորտը հաստատ չի մնա Անգլիայում հաջորդ մրցաշրջանում, և «ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի հնարավոր տեղափոխությունը միայն հաստատում է դա։ Էմերիկի շուրջ ստեղծված բարդ իրավիճակից կարող է օգտվել Բիլբաոյի «Աթլետիկը», որը պատրաստ է այս ամառ խաղացողին վերադարձնել իրենց թիմ: Բասկերը պատրաստ են գումար ծախսել այս տրանսֆերի վրա և արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հետ տրանսֆերի շուրջ։ Իսպանացի ֆուտբոլիստը դեռ միանշանակ համաձայնություն չի տվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է խաղային պրակտիկա՝ Իսպանիայի հավաքականում տեղը պահպանելու համար, նա ավելի ու ավելի լրջորեն է դիտարկում այս տարբերակը։ Թեև գործարքը չի խոստանում հեշտ լինել, սակայն «քաղաքայինները» դժվար թե խիստ խոչընդոտեն այս տրանսֆերին, և կողմերը շուտով կկարողանան պայմանավորվել։
Լապորտը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։























































