Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆորեստ Գրին Ռովերս» ֆուտբոլային ակումբը յուրօրինակ նախաձեռնություն է իրականացրել՝ իր հանդերձարանը վերածելով կանաչապատ օազիսի, որը հիշեցնում է իսկական ջունգլիներ։ Նախաձեռնության նպատակը ֆուտբոլիստների սթրեսի մակարդակը նվազեցնելն ու խաղերից առաջ նրանց կենտրոնացումը բարելավելն է։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, նախագիծն իրականացվել է Սթրեսի մասին իրազեկման շաբաթվա շրջանակում։ Դրան մասնակցել են սպորտային հոգեբաններ, ինչպես նաև նիդեռլանդական Plants & Flowers Foundation Holland հիմնադրամը։
Մասնագետների համոզմամբ՝ խաղից առաջ հոգեբանական ճնշումը ֆուտբոլիստների մոտ կարող է առաջացնել մի շարք ֆիզիոլոգիական արձագանքներ՝ արագացնել շնչառությունը, լարել մկանները և խանգարել մտքերի հստակությանը։ Իսկ կենդանի բույսերով շրջապատված միջավայրը կարող է օգնել հանգստացնել նյարդային համակարգը, վերականգնել կենտրոնացումը և ավելի հստակ մտածել։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ բնական կանաչ միջավայրը յուրօրինակ հակակշիռ է խաղից առաջ առաջացող լարվածությանը՝ օգնելով ֆուտբոլիստներին ավելի հանգիստ ու կենտրոնացած դուրս գալ խաղադաշտ։
Հատկանշական է, որ հանդերձարանի վերափոխումից հետո թիմը նաև հաջողություն է գրանցել խաղադաշտում։ Հոկտեմբերի 28-ին «Ֆորեստ Գրին Ռովերսը» 2։0 հաշվով հաղթել է «Իսթլիին»։
/i/f/z/17938552251602200571.png)
























































