Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի՝ ԱՄՆ շրջագայության շրջանակում «Բարսելոնայի» հետ անցկացնելիք ընկերական խաղի մասին։ Հանդիպումը տեղի կունենա Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում հուլիսի 29-ին։
«Կարևոր չէ, թե որտեղ կկայանա Էլ Կլասիկոն «Բարսելոնայի» հետ, նման հանդիպումներն ընկերական չեն։ Դա միշտ էլ յուրահատուկ խաղ է: Անցյալ տարի տեսանք ֆանտաստիկ մթնոլորտ և վստահ եմ, որ կտեսնենք նաև այս տարի: «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպումներ չկան և չեն լինի», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Շրջագայության շրջանակում Մադրիդի «Ռեալը» հուլիսի 23-ին «Միլանի» հետ կխաղա Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում, որից Անչելոտին վատ հիշողություններ ունի 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Իտալիայի կրած պարտության պատճառով։ Այդ ժամանակ նա գլխավոր մարզիչ Արիգո Սակիի օգնականն էր։
«ԱՄՆ-ում ֆուտբոլը մրցում է շատ սիրված սպորտաձևերի հետ: Այն, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքեց, կարող է օգնել ֆուտբոլի համբավին։ Ես վատ հիշողություններ ունեմ «Ռոուզ Բոուլ» մարզադաշտից, քանի որ այնտեղ պարտվել եմ Բրազիլիային 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում: Բայց վստահ եմ, որ լավ մթնոլորտ կլինի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
ԱՄՆ շրջագայության շրջանակում Մադրիդի «Ռեալը» հուլիսի 26-ին կխաղա նաև «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ օգոստոսի 2-ին՝ «Յուվենտուսի» հետ։
























































