Պորտուգալացի կիսապաշտպան Պորտու Օտավիոն հայտնվել է իտալական միանգամից երկու թոփ-ակումբների՝ «Ինտերի» և «Յուվենտուսի» հետաքրքրության կենտրոնում։ Նրանք կմրցեն «Ալ Ահլիի» հետ, որն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ցանկանոմ է պայմանագիր կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Կարող եմ ասել, որ Իտալիայում նրա շուրջ մեծ հետաքրքրություն կա, և նա այնտեղ շատ է պետք: Խոսքը մի խաղացողի մասին է, ով արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ, և ով կարող է օգնել ցանկացած ակումբի։ Կան թիմեր, որոնք արդեն անհրաժեշտ միջոցներ են հավաքում «Պորտուի» պահանջած 40 միլիոն եվրոն վճարելու համար: Նրանք անպայման ցանկանում են նրան ձեռք բերել:
Կարող եմ հաստատել, որ «Ինտերն» այն ակումբների թվում է, որոնք ցանկանում են նրան: Կարծում եմ՝ «Յուվենտուսը» նույնպես կմիանա Օտավիոյի համար պայքարին: Ցանկանում եմ պարզաբանել, որ խաղացողը տրանսֆերի չի հանվել, ուստի կամ կվճարվի նրա համար պահանվող հրաժարագինը, կամ նա կմնա «Պորտուում», — ֆուտբոլիստի գործակալ Իսրայել Օլիվեյրայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Սակայն, ըստ աղբյուրի, գործակալի թվարկած ակումբներից ոչ մեկը ներկայումս բանակցություններ չի վարում խաղացողի համար:
Օտավիոն 7 տարի է, ինչ խաղում է «Պորտուի» կազմում։ 2022/2023 մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Պորտուի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































