Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հաջորդ օրը սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Ստամբուլի կենտրոնում դաժանաբար սպանվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի 40-ամյա երկրպագու Վյաչեսլավ Նեչիպորչուկը։ Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, տղամարդը Թուրքիա է ժամանել աշխատանքի պատճառով և ընկերների հետ պայմանավորվել է ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպմանը։ Խաղից հետո ընկերները գնացել են լիցքաթափվելու։ Նեչիպորչուկը վերադարձել է հյուրանոց կիրակի վաղ առավոտյան:
Ճանապարհին նրա վրա հարձակվել են չորս հոգի, որոնք ցանկացել են գողանալ հեռախոսը։ Վյաչեսլավը սկսել է դիմադրել, ինչից սկսվել է ծեծկռտուք՝ կողոպտիչներից մեկը դանակով հարվածել է նրա սրտին։ Կողոպտիչները անմիջապես փախուստի են դիմել, իսկ ականատեսները շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցի ճանապարհին Նեչիպորչուկը մահացել է ստացած վնասվածքներից։
Նույն օրը տղամարդը պետք է վերադառնար Մոսկվա, որտեղ կրթությամբ իրավաբան Վյաչեսլավին սպասում էին կինն ու երկու տարեկան դուստրը։ ՀավանաբարՆեչիպորչուկը նախատեսում էր ներկա գտնվել նաև «Լուժնիկիում» կայանալիք Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչի՝ ԲԿՄԱ — «Կրասնոդար» հանդիպմանը:
Կողոպտիչների ինքնությունն արդեն պարզվել է տեսախցիկների ձայնագրության շնորհիվ։ Ստամբուլի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և անգամ երկու կասկածյալի է ձերբակալել։
«Քննության ընթացքում երկու կասկածյալներ բերման են ենթարկվել ականատեսների ցուցմունքների ուսումնասիրության և տեսախցիկների ձայնագրությունների վերլուծության շնորհիվ։ Դա արվել է կարճ ժամանակում։ Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում զբոսաշրջիկին դանակով հարվածած հանցագործին գտնելու ուղղությամբ,», — ТАСС-ին հայտնել է Ստամբուլի իրավապահ մարմինների աղբյուրը։
Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է թուրքական ոստիկանության հետ, որը շարունակում է ևս երկու հոգու որոնումները։























































