Այսօր կկայանա եվրոպական ակումբային ֆուտբոլի տարվա գլխավոր խաղը: ՉԼ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։
Խաղը կանցկացվի Ստամբուլի (Թուրքիա) Աթաթուրքի անվան «Օլիմպիաթ» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1:1, 4:0), իսկ Միլանի «Ինտերը»՝ «Միլանին» (2:0, 1:0):
Անցած մրցաշրջանում ՉԼ գավաթը նվաճեց Մադրիդի «Ռեալը»՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»:
«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան և նվաճեց Անգլիայի գավաթը: Չեմպիոնների լիգայում առաջին հաղթանակը «քաղաքայիններին» թույլ կտա ոսկե տրեբլ ձևակերպել:
Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող «Ինտերը» Ա Սերիայում այս տարի զբաղեցրել է երրորդ տեղը: Միլանյան թիմի կազմում եզրափակչին կմասնակցի Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով ՉԼ եզրափակիչների առաջին հայ մասնակիցը: