Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Դարմիանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով։
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ «Սիթիին», կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, թե որքան ուժեղ է այս թիմը: Սա հիանալի թիմ է, և մենք պետք է վճռական և զգույշ լինենք: Եզրափակչում մենք կփորձենք կյանքի կոչել մեր մտահղացումները՝ դրսևորելով անձնազոհություն և ցուցաբերելով առավելագույն կենտրոնացում, որը որոշիչ գործոն է լինելու։
Ինձ համար դա յուրահատուկ խաղ կլինի, քանի որ ես արդեն խաղացել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Անպայման կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք՝ մեզ, ակումբի, մարզչի և, իհարկե, երկրպագուների համար։
Մենք բոլորս ապրում ենք բազմաթիվ հույզեր: Մենք մրցաշրջանի լավ ավարտ ունենք, պատրաստ ենք ֆիզիկապես և հոգեպես, և դա պետք է ապացուցենք վաղը՝ առաջին իսկ րոպեից։ Մենք լավ գիտենք մրցակցի որակները, պետք է ուշադիր դիտարկել յուրաքանչյուր պահը։ Կլինեն պահեր, երբ մենք պետք է առաջ գնանք, և այլ պահեր, որոնցում մենք պետք է ավելի մոտ գտնվենք դարպասին:
Մենք մեծ հավակնություններ ունենք, մեր նպատակը մրցաշարում հաղթելն է։ Վաղը բարդ խաղ է լինելու, բայց մենք հավատում ենք ինքներս մեզ, հավատում ենք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել նրանց համար»,- Դարմիանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: