«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով և դարձել է այս մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը բրազիլացի հարձակվող Ռոնալդոյից հետո։
Ռոնալդոն «Ոսկե խաղակոշիկը» ստացել է 20 տարեկանում՝ 1996/1997 մրցաշրջանում հանդես գալով «Բարսելոնայում»։
Հիշեցնենք, որ 22-ամյա Հոլանդը մրցաշրջանն ավարտեց որպես անվիճելի առաջատար՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում խփելով 36 գոլ և վերջնական աղյուսակում վաստակելով 72 միավոր: Նա գերազանցել է Պրեմիեր լիգայի պատմական ռեկորդը, որը սահմանել էին Ալան Շիրերը և Էնդի Քոուլը (34-ական գոլ) և 12 միավոր առաջ է անցել ամենամոտ հետապնդողից՝ Հարի Քեյնից:
«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցակում երկրորդ տեղը համապատասխանաբար զբաղեցրել է Քեյնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
Նշենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում «Ոսկե խաղակոշիկը» նվաճել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ հանդես գալով «Բավարիայի» կազմում։