ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը , ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։
Հունիսի 3-ին ՊՍԺ-ն մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի՝ Լիգա 1-ի 38-րդ տուրում մրցելով «Կլերմոն Ֆուտի» հետ։ Այդ խաղը Ռամոսի համար վերջինը կլինի փարիզցիների կազմում։
«Հատուկ օր է ինձ համար․ այսօր ես հրաժեշտ կտամ կյանքիս հերթական փուլին, հրաժեշտ կտամ ՊՍԺ-ին։ Չգիտեմ, թե մարդ քանի տեղում կարող է իրեն զգալ ինչպես տանը, բայց, անկասկած, ՊՍԺ-ն, թիմի երկրպագուները և Փարիզն ինձ համար այդպիսի վայր էր»,- գրել է 37-ամյա իսպանացին սոցցանցերում։
Ռամոսը ՊՍԺ-ում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 44 հանդիպման և դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։