ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է 5-րդ անգամ անընդմեջ Լիգա 1-ի գլխավոր ռմբարկու դառնալուն։
Նա այժմ 25 գոլ ունի իր ակտիվում և առաջնության ավարտից մեկ տուր առաջ մեկ գոլով առաջ է «Լիոնի» հարձակվող Լակազետից։ Նախորդ 4 մրցաշրջաններում Մբապեն դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու (19/20 մրցաշրջանում առաջին տեղը կիսել էր Բեն Յեդերի հետ)։
Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է փարիզյան ակումբում մնալու մասին։
«Ես շատ երջանիկ եմ ՊՍԺ-ում և ուրախ եմ, որ որոշեցի լինել այս նախագծի մաս: Հաջորդ մրցաշրջանում ես խաղալու եմ այստեղ»,- Մբապեի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացին չի ակտիվացրել 2024/25 թթ․ մրցաշրջանի համար պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, ինչը թույլ կտա նրան 2024 թվականին դառնալ ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: