ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին Ֆրանսիայի առաջնությունում թիմի հաղթանակից հետո կիսվել է հույզերով։
«Իհարկե, սա պատմական պահ է «Պարի Սեն Ժերմենի» համար։ Ֆրանսիական Լիգայի 1-ի 11-րդ տիտղոսը պարգև է այն ամբողջ քրտնաջան աշխատանքի համար, որը մենք ներդրել ենք վերջին 12 տարիների ընթացքում: Լիգա 1-ի պատմության մեջ մտնելն ու «Սենտ Էտյենից» առաջ անցնելն իսկական հպարտություն է: Կցանկանայի նշել բոլոր նրանց՝ տնօրեններին, խաղացողներին, աշխատակիցներին և երկրպագուներին, ովքեր հատկապես 1986 թվականի առաջին չեմպիոնությունից հետո նպաստել են այս ակումբի՝ էտալոն դառնալուն։
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան ընթացիկ մրցաշրջանում 11-րդ տիտղոսը նվաճելու գործում՝ խաղացողներին, մարզիչներին և ակումբի ողջ անձնակազմին, ովքեր ջանասիրաբար աշխատեցին սա իրականություն դարձնելու համար: Դժվար էր, բայց մենք կարողացանք։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք այս տիտղոսը նշելուն հաջորդ շաբաթ օրը «Պարկ դե Պրենսում», երբ հանդիպենք «Կլերմոնին»:
Լիգա 1-ի եզրափակիչ տուրի ՊՍԺ-«Կլերմոն» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին։