Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպման արդյունքները (0:4): Մադրիդում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Այդպիսով, մադրիդյան թիմն ավարտել է ելույթները եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում:
«Մանչեսթեր Սիթին» ավելի լավ խաղաց և արժանի էր այս եզրափակիչին։ Նրանք հենց սկզբից ակտիվ պրեսինգ էին անում, ուստի մեզ համար դժվար էր կառուցել այն խաղը, որը ցանկանում էինք։ Մրցակցին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, որից հետո մեզ համար հեշտ չէր վերադառնալ խաղ։ Երկրորդ խաղակեսում փորձեցինք, բայց չստացվեց: Մենք պետք է դասեր քաղենք, մտածենք հաջորդ մրցաշրջանի մասին և ավելի ուժեղանանք։ Անցած մրցաշրջանում մեզ հաջողվեց հաղթել նրանց և դուրս գալ եզրափակիչ։ Այս անգամ հերթը «Սիթիինն» էր։
Այսօր իմաստ չունի խորը վերլուծության կատարել։ Սա ցավալի պարտություն էր. շատ վիրավորական: Բայց ֆուտբոլում այսպիսի բաներ լինում են։ Դու հայտնվում ես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, և եթե այդպիսի ուժեղ մրցակիցը քեզնից լավ է խաղում, ուրեմն մնում ես առանց եզրափակչի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Իսպանիայի առաջնությունում մադրիդցիները պայքարում են 2-րդ տեղի համար, որն այժմ զբաղեցնում են։ Առաջնության ավարտից չորս տուր առաջ Մադրիդի «Ռեալը» երկու միավորով գերազանցում է Մադրիդի «Ատլետիկոյին»:























































