«Նանտի» եգիպտացի հարձակվող Մուստաֆա Մոհամեդը բաց է թողել Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի՝ «Թուլուզի» դեմ հանդիպումը՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) կազմակերպած ակցիայի շրջանակում հրաժարվելով կրել ԼԳԲՏ-ին աջակցվող մարզաշապիկը:
Ակումբը որոշել է խաղացողին սպորտային պատժամիջոցների չենթարկել, սակայն տուգանք սահմանել, հայտնում է Ouest-France-ը:
«Նանտը» հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ այդ գումարը կնվիրաբերվի բարեգործական միությանը, որը պայքարում է հոմոֆոբիայի դրսևորումների դեմ։ Թե որքան կկազմի տուգանքը, չի բարձրաձայնվում։
Ավելի վաղ ֆուտբոլիստը բացատրել էր, թե ինչու է հրաժարվել կրել ԼԳԲՏ-ին աջակցող մարզաշապիկն ու ըստ այդմ նախընտրել չմասնակցել «Թուլուզի» դեմ խաղին․
«Ես հարգում եմ ցանկացած բազմազանություն։ Հարգում եմ ցանկացած հավատք և սկզբունք։
Իմ հարգանքը տարածվում է նաև մյուսների ընտրության վրա, բայց հարգում եմ նաև իմ սկզբունքները։ Հաշվի առնելով իմ արմատները, իմ մշակույթը, իմ կրոնի և հավատքի կարևորությունը՝ անհնար էր, որ ես կարողանայի մասնակցել այդ խաղին։
Հուսով եմ՝ իմ որոշումն ըմբռնումով կընդունվի»,- գրել էր Մոհամեդը Թվիթերի իր էջում։