«Թուլուզի» կիսապաշտպան Զաքարիա Աբուխլալը մատնանշել է տղամարդկանց և կանանց անհավասար կարգավիճակը։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին քաղաքապետարանում տոնական միջոցառում է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում թիմի տարած հաղթանակի։
Գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեի ելույթի ժամանակ «Թուլուզի» ֆուտբոլիստները սկսել են աղմկել, իսկ սպորտի գծով փոխքաղաքապետ Լորան Արիբաժեն նրանց խնդրել է լռել։
Ի պատասխան՝ Նիդեռլանդներում ծնված և Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող Աբուխլալն ասել է. «Իմ երկրում կանայք այդպես չեն խոսում տղամարդկանց հետ»։
Լսելով դա՝ քաղաքական գործիչը խաղացողին հիշեցրել է, որ նա գտնվում է քաղաքապետարանում՝ «Հանրապետության տանը»։
Մոնտանյեի ելույթից հետո, երբ միջոցառման բոլոր հյուրերն ու մասնակիցները գնացել են օգտվելու ֆուրշետից, ֆուտբոլիստը մոտեցել է Արիբաժեին և համառորեն խնդրել նրան ներողություն խնդրել։
RMC Sport-ի հարցմանն ի պատասխան՝ «Թուլուզի» փոխքաղաքապետն ասել է, որ «որև խնդիր չկա» և հերքել է, թե նման բան է տեղի ունեցել։
«Խաղացողներին պարզապես դուր չի գալիս, որ նրանց խնդրում են լռել»,- ասել է պաշտոնյան:
Աղբյուրը միաժամանակ պնդում է իր տեղեկությունը՝ վկայակոչելով միջադեպին ներկա մի քանի վկաների խոսքերը։
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Աբուխլալը հեռացվել էր Ֆրանսիայի առաջնության «Նանտի» դեմ խաղին մասնակցելուց՝ հոմոֆոբիայի դեմ ակցիային մասնակցելուց հրաժարվելու պատճառով։