ՊՍԺ-ի ղեկավարությունը մասամբ սահմանափակել է իր երկրպագուների՝ Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Տրուայի» հետ արտագնա հանդիպմանը ներկա լինելու հնարավորությունը, հայտնում է RMC Sport-ը։
Խաղին պատրաստվել են ներկա լինել փարիզյան թիմի 900 երկրպագուներ, սակայն ՊՍԺ-ն արգելափակել է Collectif Ultras Paris կազմակերպության 450 անդամների տոմսերը։ Ակումբում կարծում են, որ հենց ուլտրասներն են ակտիվորեն մասնակցել այս շաբաթվա բողոքի ակցիաներին։
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին փարիզցի երկրպագուները հավաքվել էին ակումբի շտաբի մոտ՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ էին հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։ Ավելի ուշ երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել նաև Նեյմարի տան դիմաց։
«Տրուա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
























































