ՊՍԺ-ի նախկին խաղացող և մարզիչ Անտուան Կոմբուարեն աջակցել է Լիոնել Մեսսիին։
Ավելի վաղ փարիզյան ակումբը երկու շաբաթով որակազրկել էր արգենտինացուն՝ առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները:
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն, որ լինչի դատաստան է ընթանում։ Դա ինձ զայրացնում է։ Միշտ ասել եմ՝ մի դիպչեք Մեսսիին։ Ինչ էլ որ անի։
Ինձ դուր է գալիս այս խաղացողը: Թքած ունեմ, երբ ասում են, որ նա չի վազում դաշտով մեկ: Եթե ես Մեսսի ունենայի իմ թիմում, խորհուրդ կտայի նրան մնալ առջևում, երբեք չպաշտպանվել։ Կուզենայի տեսնել, թե ինչպես է նա բավականություն ստանում, փայլում։ Սա իմ կարծիքն է, էնտուզիաստի կարծիքը։
Ցավում եմ, որ դա տեղի է ունենում հիմա: Մենք Մեսսիին ձեռք չենք տալիս։ Ես հասկանալի՞ եմ խոսում ֆրանսերեն։ Մենք Մեսսիին ձեռք չենք տալիս։ Ես սիրահարված եմ այս խաղացողին:
Մեսսին պատրաստվում է հեռանա՞լ։ Ես ուրախ եմ, մենք նրան արժանի չենք։ Ես սիրում եմ Մեսսիին։ Մենք Մեսսիին ձեռք չենք տալիս, հասկանու՞մ եք։ Շնորհակալությո՛ւն, Մեսսի՛։ Ես կվճարեի, որ դիտեի՝ ինչպես է նա խաղում»,- «Նանտի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։