«Բարսելոնան» վստահ է, որ կարող է հետ բերել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է խաղերից և մարզումներից՝ Սաուդյան Արաբիա չհամակարգված ուղևորության համար։ Բացի այդ, փարիզյան ակումբն արդեն որոշել է չերկարաձգել արգենտինացու հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի շրջապատը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։ Չնայած ֆինանսական դժվարություններին՝ կատալոնական ակումբը վստահ է, որ կկարողանա վերադարձնել 35-ամյա Մեսսիին։
2021 թվականին Մեսսին հեռացավ «Բարսելոնայից» և երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։