«Ալ Իթիֆակի» մարզիչ Անտոնիո Կասորլան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։
«Այստեղ շատ է խոսվում այդ մասին, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ես վստահ եմ, որ նրանք քրտնաջան կաշխատեն Մեսսիին կամ մեկ այլ մեծ աստղի ձեռք բերելու համար: Ե՛վ երկրպագուները, և՛ լրատվամիջոցները կարծում են, որ իրենք ճիշտ ուղու վրա են և կկարողանան պայմանագիր կնքել Մեսսիի հետ»,- Կասորլայի խոսքերն է մեջբերում Besoccer-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Արգենտինացու կարիերան շարունակելու տարբերակներից մեկը «Բարսելոնա» վերադառնալն է։
Արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Մեսսին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
























































