«Մանչեսթեր Սիթին» անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային» ու հերթական տիտղոսը նվաճել:
Այսպիսով, «Սիթին» հաղթել է բոլոր եզրափակիչներում Գվարդիոլայի օրոք: Գվարդիոլայի` անգլիական թիմում աշխատելու ամբողջ ժամանակաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչ ու բոլոր դեպքերում հաջողության հասել:
«Մանչեսթեր Սիթին» երեք անգամ նվաճել է լիգայի Գավաթը (2018, 2019, 2020 թթ.), մեկ անգամ Անգլիայի Գավաթը (2019), երկու անգամ էլ` երկրի Սուպերգավաթը (2018,2019):
Գվարդիոլան 2016 թվականի ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: Բացի գավաթային մրցաշարերում հաղթանակներից` «Մանչեսթեր Սիթին» նրա գլխավորությամբ երկու անգամ էլ դարձել է Անգլիայի չեմպիոն:
Նախկինում Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան», որոնց հետ, ընդհանուր առմամբ, 21 տիտղոս է նվաճել: