Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը խոսել է թիմի հեռանկարների մասին՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Իտալիայի նկատմամբ 2-1 հաշվով արտագնա հաղթանակից հետո։
«Ի՞նչ արդյունք եմ ակնկալում Եվրոպայի առաջնությունում ելույթից։ Կարծում եմ, որ իմ տարիքում, իսկ ես հիմա 30 տարեկան եմ, եթե չհաղթենք մրցաշարում, դա ինձ համար ձախողում կլինի։ Բայց նախ պետք է որակավորման փուլը հաղթահարենք: Մենք բարդ խումբ ունենք։
Սա ուղղակի իմ կարծիքն է։ Ես երեք խոշոր մրցաշարերում եմ խաղացել և մոտ էի հաջողությանը: Կարծում եմ, որ մենք բավականին լավ խաղացողներ ունենք, որպեսզի հաղթենք մրցաշարում: Մենք գնացինք Կատար՝ ցանկանալով հաղթել, և որպես թիմ հիասթափված ենք։ Մեր ելույթը լավն էր, ամենաքիչ գոլերը բաց թողեցինք, խփած գոլերի առումով լավագույն թիմերից էինք՝ չնայած քառորդ եզրափակիչում դուրս մնալուն։
Աշխարհի առաջնությունում մենք շատ լավ խաղացինք, իսկ ի վերջո դուրս մնացինք Ֆրանսիայի պես ուժեղ թիմից։ Տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ մեզնից լավ կարող են իրենց գործն անել։ Այսպիսով, մենք աշխատում ենք դրա վրա: Մենք այնքան շատ տաղանդներ ունենք»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում 90min-ը։