«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է ակումբից հեռացվելուն։ Ինչպես հայտնում է SkySports-ը, իտալացի մարզչի ապագայի վերաբերյալ որոշում կարող է կայացվել արդեն այսօր երեկոյան՝ մարտի 22-ին։
«Տոտենհեմի» խաղացողներից մեկի գործակալը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Կոնտեն շփվում է խաղացողների և անձնակազմի հետ այնպես, ասես բոլորին լավություն է անում։ Նաև մարզչի՝ ակումբը լքելու ցանկությունը շատերի համար արդեն պարզ էր, բայց դրանից հետո նա կասկածի տակ դրեց խաղացողների պրոֆեսիոնալիզմը և ակումբի հանդեպ նրանց նվիրվածությունը, ինչը նրանց խիստ վիրավորեց։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբում սկանդալը ծագել էր Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպումից հետո, երբ «Տոտենհեմը» բաց թողեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ հաղթանակը հանդիպման վերջին րոպեներին (3:3): Հետխաղյա հարցազրույցի ժամանակ Կոնտեն քննադատել էր խաղացողներին հարմարավետության գոտում գտնվելու ցանկության համար, ինչպես նաև ամբողջ ակումբային համակարգը, որը միտված չէ գավաթներ նվաճելուն: