Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է լավագույն մարզչի մրցանակի մասին, որը նա ստացել է ՖԻՖԱ-ի The Best արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 44-ամյա մասնագետը Արգենտինայի հավաքականի հետ նվաճել էր աշխարհի գավաթը, որն անցկացվել էր Կատարում անցած տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Լավագույն մարզչի կոչման համար պայքարում Սկալոնիի մրցակիցներն էին Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Կարլո Անչելոտին («Ռեալ»)։
«Երբ դու հաղթում ես Աշխարհի առաջնությունը, քո բոլոր լավ հատկանիշներն ավելի տեսանելի են դառնում ուրիշների համար, բայց ես չեմ կարող ինձ նույն մակարդակի վրա դնել Գվարդիոլայի և Անչելոտիի հետ: Ես հպարտ եմ մրցանակով, բայց սա չափազանցություն է»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։ Նախկինում նա աշխատել է նաև «Սևիլիայում» որպես մարզչի օգնական։