«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան տնային հանդիպման սպասելիքներով։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր դորտմունդցիների նվազագույն հաշվով հաղթանակով։
«Սա մեծ, շնչահեղձ անող հանդիպում է լինելու։ «Ստեմֆորդ Բրիջում» հատուկ երեկո է լինելու, և մենք անհամբեր սպասում ենք դրան: Մենք լավատես ենք և կփորձենք հաղթել։ Դորտմունդի «Բորուսիան» թոփ մրցակից է, որը ֆանտաստիկ մարզավիճակում է, հետևողականորեն հաղթում է հանդիպումները:
Մենք խաղում ենք շատ ուժեղ մրցակցի դեմ, և սա հսկայական մարտահրավեր է։ Սակայն, միևնույն ժամանակ, դա նաև հնարավորություն է։ Մենք լիովին նվիրվելու ենք խաղին»,- ասել է Փոթերը:
Թիմերի միջև խաղը կկայանա մարտի 7-ին, Լոնդոնում և կսկսվի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։