Թուրքական «Գազիանթեփ» ակումբը հայտարարել է երկրի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում ելույթները դադարեցնելու մասին։ Ավելի վաղ, այդ մասին հայտարարել էր նաև «Հաթայսպորը»։
«Նման աղետից հետո մենք նույնիսկ ուժ չունենք խոսելու ֆուտբոլի մասին։ Նախևառաջ մենք ցավակցում ենք մեր համաքաղաքացիներին, որոնք զոհ գնացին ավերիչ երկրաշարժում, շուտափույթ առողջություն ենք մաղթում վիրավորներին, իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր մնացել են փլատակներում, փրկություն ենք մաղթում։
Այս դժվարին պայմաններում մեր ակումբն այլևս չի կարողանա շարունակել մարզական գործունեությունը։ Ակումբի տնօրենների խորհրդի կայացրած որոշման համաձայն՝ «Գազիանթեփ» ֆուտբոլային ակումբը որոշել է հրաժարվել Սուպերլիգային և Թուրքիայի գավաթի 2022/23 խաղարկությանը մասնակցելուց։
Հավատում ենք, որ մեր քաղաքն ու մեր երկիրը հնարավորինս շուտ կապաքինվեն տեղի ունեցածից։ Մեր քաղաքը շարունակում է պայքարը այն հավատով, որ այն շուտով նորից կընդունի ֆուտբոլասերներին և նորից կդիմավորի մեր երկրպագուներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, հարավային Թուրքիայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով առնվազն 24 617 մարդ է զոհվել և ավելի քան 80 հազարը վիրավորվել են։