ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է 2022 թվականի լավագույն մարզչի մրցանակի 3 ֆինալիստների անունները։
Թեկնածուներն են Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում փետրվարի 27-ին։ Եզրափակչի մասնակիցներն ընտրվել են ազգային հավաքականների մարզիչների, ազգային հավաքականների ավագների, լրագրողների և երկրպագուների քվեարկությամբ։
Անչելոտին անցյալ տարի «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիին» տարավ Պրեմիեր լիգայի չեմպիոնության: Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը նվաճեց ԱԱ-2022-ի չեմպիոնությունը։
























































