«Հաթայսպորի» գանացի ֆուտբոլիստ Քրիստիան Ացուն դեռ փլատակների տակ է թուրքական Հաթայ քաղաքում, որը լրջորեն տուժել է հզոր երկրաշարժից։ Այս մասին հայտարարել է ակումբի ղեկավարը, հայտնում է РБК-ն։
Ավելի վաղ պորտուգալական A Bola թերթը հայտնել էր, որ Ացուին ողջ են գտել Թուրքիայի Հաթայ քաղաքում շենքի փլատակների տակ։ Հրապարակման համաձայն՝ խաղացողը հիվանդանոց է տեղափոխվել աջ ոտքի վնասվածքով։
Ակումբի նախագահը հերքել է այս տեղեկությունը․ «Ցավոք, Քրիստիան Ացուն և մեր մարզական տնօրենը դեռ փլատակների տակ են։
Պորտուգալական աղբյուրը խոսում է Քրիստիան Ացուի մասին, բայց մենք չենք կարող հասնել այնտեղ, որտեղ նա գտնվում էր: Մենք չենք կարող որևէ մեկի հետ կապ հաստատել: Եթե մենք կարողանանք հասնել նրան, աշխարհը կիմանա այդ մասին: Սպասում ենք օգնության»,- ասել է ակումբի ղեկավարը։